Այս օրերին պաշտոնական ու ընկերական խաղերի շարք է բազմաթիվ երկրների ընտրանիների համար: Բոլորին, բնականաբար, անդրադառնալն իմաստ չունի, ուստի փորձենք ներկայացնել առավել հետաքրքրականները, այն էլ բացառապես «Եվրո-2016»-ի ընտրականի շրջանակներում:
ՄԵՆՔ
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում այսօր Հայաստանի ազգային ընտրանին ընկերական հանդիպում կունենա ֆրանսիացիների հետ: Հաշվի առումով որևէ դրական բան ակնկալելը մարզասերներիս համար, բնականաբար, անհավանականության ոլորտից է («քաշային» կարգերն են չափազանց տարբեր), եթե, իհարկե, մրցակիցն ինքն իր գլխին չսարքի: Այնուամենայնիվ մերոնք պիտի ջանան պատվարժան ներկայանալ, որքան էլ, կազմի հետ կապված, լուրջ պրոբլեմներ ունեն: Հիշեցնենք, որ օրեր առաջ նման կեսկազմով միավոր վաստակեցինք Սերբիայի ընտրանու հետ խաղում, որտեղ նույնիսկ հաղթելու հնարավորություն ունեինք, եթե փոքր-ինչ ավելի հաջողակ լինեինք (Մարկոս Պիզելին չիրացրեց տասնմեկմետրանոցը, ինչից օգտվեց մրցակիցն ու վերջին րոպեներին, գոլ խփելով, հավասարեցրեց հաշիվը): Իհարկե, ցանկալի կլիներ, որ հանդիպումը հաղթական ավարտ ունենար, բայց բազմաթիվ վնասվածքի պայմաններում մեկ միավորն էլ պիտի գոհացուցիչ համարել: Ամենակարևորը` մարզասերն առանձնապես դժգոհ չի մնացել, իսկ նրանցից մեկը շատ ավելի հեռուն է գնացել` ասելով. «Կազմում չունենալով Հենրիխ Մխիթարյանին, մեր ընտրանին խաղաց տասը Հենրիխ Մխիթարյան ունեցող հավաքականի դեմ»: Ասվածի մեջ, իհարկե, որոշակի չափազանցություն կա, որովհետև, ունենային սերբերն այդքան Մխիթարյան, աշխարհի չեմպիոն կլինեին, իսկ դա այդպես չէ: Ինչևէ: Քիչ թե շատ, մեր հավաքականն ուրախացրեց բոլորիս, իսկ որ կրակագծում հայտնված պաշտպանն է դառնում գոլի հեղինակ, սա ինչ-որ բանի մասին խոսո՞ւմ է, թե՞ չի խոսում: Դառնալով այսօրվա խաղին` իհարկե, Ֆրանսիայի ընտրանին Սերբիայի ընտրանին չէ, բայց ինչե՞ր չեն լինում այս արևի տակ: Ի միջի այլոց, հիշատակվածները ոչ-ոքի` 1:1 են խաղացել միմյանց հետ:
Օգտվելով առիթից, որ նյութն սկսել ենք ազգայինից, ասել է թե` հայկական ֆուտբոլով, մի երկու տեղեկություն էլ արանքում «սաղացնենք» ու նոր անցնենք առաջ:
Սերբիայում ավարտին մոտեցող Եվրոպայի մինչև տասնինը տարեկանների 2015 թ. առաջնության որակավորման փուլի իններորդ խմբի մրցաշարում մեր ընտրանին տանուլ տվեց նաև երկրորդ հանդիպումում: Այս անգամ զիջել են տանտերերին: ՈՒրախալին թերևս այն է, որ պարտվել ենք նվազագույն հաշվով (առաջինում 0։3 հաշվով պարտվել ենք իտալացիներին): Խմբայինի մեր վերջին խաղը Սան Մարինոյի հավաքականի հետ է, որը նույնպես միավոր չի վաստակել: Հուսանք, որ մարզիչ Սարգիս Հովսեփյանի գլխավորությամբ տղաները գոնե այստեղ հաջողակ կլինեն, թեպետ, հասկանալի է, մրցաշարի առումով այն ոչինչ չի տալու, բացի ավանդական բարոյական հաղթանակից:
Վաղվանից մրցասպարեզ կելնեն մեր տասնյոթ տարեկանները: «Եվրոպա-2015»-ի ընտրականի շրջանակներում խմբայինում մեր մրցակիցներ են Իսլանդիայի, Իտալիայի ու տանտերերի՝ մոլդովացիների ընտրանիները:
Եվ, հայկական թեմայով, վերջին տեղեկությունը:
Գյումրիի քաղաքային մարզադաշտում տեղի «Շիրակն» ընկերական խաղում հյուրընկալել ու հաղթել է իրանական «Էսթեղլաղին»: Հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով: Ընդ որում՝ իրանցիները գոլերը խփել են վերջին տասը րոպեներին: Սա մասնավորապես ենք ընդգծում, որովհետև հայկական ֆուտբոլի հին, անբուժելի հիվանդություններից է վերջին րոպեներին գոլ «ուտելը»:
ԱՇԽԱՐՀԸ
Սլովակիայի ընտրանու հետ նախորդ խաղում տհաճ անակնկալ մատուցելուց հետո (C խումբ) Իսպանիայի ընտրանին խմբայինի երրորդում, հյուրընկալվելիս, 4:0 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգին ու ուկրաինացիների հետ (մակեդոնացիներին հաղթել են 1:0 հաշվով) ունեն վեց միավոր: Առաջատարը երեք խաղից ինը միավոր վաստակած սլովակներն են (3:1 հաշվով հաղթել են Բելառուսի ընտրանուն):
Շնորհիվ արտագնայում տարած հաղթանակների, A խումբը գլխավորում են Իսլանդիայի ու Չեխիայի ընտրանիները: Առաջինը պարտության է մատնել լատվիացիներին (3:0), երկրորդը՝ թուրքերին (2:1): Հատկապես անակնկալ է վերջիններիս ծանր մեկնարկը՝ երկու խաղում երկու պարտություն՝ խփած-բացթողածների 1:5 հարաբերակցությամբ: Ինչ վերաբերում է վերջին խաղում ղազախներին 3:1 հաշվով պարտության մատնած հոլանդացիներին, երեք միավորով երրորդ հորիզոնականում են:
B խմբում հիմնովին փոփոխություններ կմտցնեն առաջին մրցելույթը հաղթանակով ավարտած Բելգիայի ու Իսրայելի հավաքականների առաջիկա հանդիպումները: Մրցակիցները Բոսնիա և Հերցեգովինայի ու Անդորայի ընտրանիներն են, իսկ խմբայինը չորս միավորով առայժմ գլխավորում է ՈՒելսի ընտրանին:
D խմբում միայն ու միայն գերազանց պիտի որակել լեհերի մեկնարկը, ովքեր սեփական հարկի տակ 2:0 հաշվով պարտության մատնեցին աշխարհի գործող չեմպիոններին ու երկու խաղից հետո ունեն միավորների առավելագույն քանակ: Նրանց նույնքան վստահ ընկերակցում են 7:0 խոշոր հաշվով ջիբրալթարցիներին հաղթած իռլանդացիները: Գերմանացիները շոտլանդացիների հետ երեքական միավորով երրորդ-չորրորդ հորիզոնականներում են:
Էստոնիայի ընտրանու նկատմամբ նվազագույն հաշվով տոնած հաղթանակը E խմբում անգլիացիներին հնարավորություն տվեց պահպանելու լիդերությունը: Նրանց ակտիվում ինը միավոր է: Այստեղ չափազանց թույլ է մեկնարկել Շվեյցարիայի ուժեղ ընտրանին՝ երկու խաղում կրելով երկու պարտություն:
Ի հաշիվ հաղթական երկու խաղի՝ F խմբի առաջատարը Հյուսիսային Իռլանդիան է: Չորսական միավորով նրան հաջորդում են Ֆինլանդիայի ու Ռումինիայի ազգայինները, որոնք նույն 1:1 հաշվով են ավարտել հանդիպումները Հունաստանի ու Հունգարիայի ընտրանիների հետ: Ընդ որում՝ երկուսն էլ խաղացել են սեփական հարկի տակ:
G խմբում ռուսները, բնականաբար, ակնկալում էին երեք միավոր վաստակել մոլդովացիների հետ խաղում, սակայն առավելագույնը, որ կարողացան ձեռք բերել, մեկ միավորն էր: Այստեղ առաջինն Ավստրիայի ընտրանին է յոթ միավորով, որը հերթականում նվազագույն առավելությամբ պարտության է մատնել Չեռնոգորիային: Ռուսներն ունեն հինգ միավոր: Նույնքան է նաև շվեդների ունեցածը, ովքեր 2:0 հաշվով պարտության են մատնել Լիխտենշտայնի ազգայինին:
Երկու խաղից հետո H խմբում վեցական միավոր ունեն իտալացիներն ու հորվաթները: Առաջիններն արտագնա խաղում մրցելու են Մալթայի, վերջինները` Ադրբեջանի հավաքականների հետ:
I խմբում, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգայինը, մրցաշարային աղյուսակում հետևյալ պատկերն է. առաջին երկու հորիզոնականներում երկու խաղից հետո չորսական միավորով Ալբանիայի ու Դանիայի հավաքականներն են: Վերջին խաղում նրանք Տիրանայում մրցել են իրար հետ, հանդիպումն ավարտել են 1:1 հաշվով:
Ահա խիստ ընդհանուր գծերով վերջին երկու-երեք օրերի ֆուտբոլային անցուդարձը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ